Թիմը ներսից #1․ Դիզայն
Այս տարի մենք նշում ենք մեր 10-ամյակը։ Տասնամյակ, որը լի է գաղափարներով, փորձով և ամենակարևորը՝ մարդկանցով, ովքեր ձևավորել են մեր ճանապարհը։ Այս առիթով սկսում ենք հարցազրույցների շարք, որտեղ ներկայացնելու ենք մեր թիմի անդամներին՝ նրանց պատմությունները, մոտեցումները և այն, ինչ տեղի է ունենում կուլիսների հետևում։
Շարքի առաջին զրուցակիցը մեր դիզայներն է՝ մարդ, ով ամեն օր մեր գաղափարներին տալիս է տեսք և բնավորություն։ Դիզայների աշխատանքը հաճախ մնում է «կուլիսներում», բայց հենց այն է որոշում՝ ինչ է տեսնում օգտատերը առաջին վայրկյանին և ինչ զգացողությամբ է շարունակում իր ճանապարհը։ Նրա ամենօրյա աշխատանքը հավասարակշռություն է գաղափարի և ֆունկցիոնալության միջև՝ փորձելով ոչ միայն գեղեցիկ, այլ նաև հասկանալի ու արդյունավետ լուծումներ գտնել։
Փորձեցինք այս զրույցում բացել այդ գործընթացը՝ սկսած առաջին էսքիզներից մինչև վերջնական արդյունք։
-Քրիստ, կխոսե՞ս դիզայնի մասին, դիզայնը 5 տարի առաջ, և դիզայնը հիմա:
-Իհարկե)), այն ժամանակ դիզայները մարդ էր, ով կարողանում էր 3 տարբեր շեդոու դնել մի քարտի վրա և համոզել թիմին, որ սա «depth» է, ոչ թե էկզիստենցիալ ճգնաժամ։
UI-ը «մաքուր» էր, UX-ը՝ ենթադրյալ, իսկ օգտագործողը՝ ինչ-որ միստիկ կերպար, որի անունից բոլորը խոսում էին, բայց ոչ ոք չէր տեսել 🙂
Հետո ինչ-որ պահից հանկարծ խոսեցինք user journey-ներից, JTBD-ից, metrics-ից, conversion-ից…Այն նույն մարդիկ, ովքեր երեկ gradient էին ընտրում «քանի որ սիրուն է», այսօր բացատրում են cognitive load.
Մի խոսքով՝ դիզայնը հիմա այն է, ինչ միշտ պետք է լիներ։
Մենք նույն հարցերն ենք տալիս, նույն կասկածներն ունենք, նույն ինտուիցիայով ենք աշխատում։ Պարզապես 5 տարի առաջ դա կոչվում էր «դիզայների քմահաճույք», իսկ հիմա՝ «պրոդուկտ մտածողություն»։ Հիմա էլ կոճակը կանաչ լինի, թե մի քիչ ավելի կանաչ կարևոր է, բայց դա ապացուցելու ավելի շատ տվյալներ ունենք։
Երկար ժամանակ եղել եմ այն փուլում, որտեղ TCO-ի դիզայնը ոչ թե պարզապես կիրառվում էր, այլ կառուցվում էր՝ բավական հստակ սկզբունքներով: Այնպիսի փուլ, որտեղ style guide-ը ոչ թե փաստաթուղթ էր, այլ մտածելակերպ։
Յուրաքանչյուր նոր պրոդուկտի հետ մենք, որոշ չափով, նոր «քիմիական տարր» էինք ավելացնում TCO-ի աղյուսակում։ Այդ ընթացքում ձևավորվեց դիզայնի ուղղություն, որը ժամանակի ընթացքում դարձավ ավելի համակարգային ու կոնսիստենտ։
Շատ բաներ, որոնք սկզբում պարզապես ճիշտ որոշումներ էին կոնկրետ խնդիրների համար, հետո դարձան կրկնվող մոտեցումներ՝ արդեն հստակ հաջողության գրավականով։
-Դիզայնն ավելի շատ արվեստ է, թե՞ խնդիրների լուծում։
-Կարճ՝ ոչ մեկը առանձին: Եթե այն միայն արվեստ է՝ ստանում ես գեղեցիկ բաներ, որոնք ոչ ոք չի օգտագործում։
Եթե այն միայն խնդիրների լուծում է՝ ստանում ես բաներ, որոնք աշխատում են, բայց ոչ ոք չի ուզում օգտագործել։ Դիզայնն արվեստ է այնքանով, որքանով դա պետք է, և խնդիրների լուծում՝ այնքանով, որքանով դա պարտադիր է։
-Քո կարծիքով՝ ո՞րն է դիզայների ամենակարևոր հմտությունն այսօր:
-Ուժեղ դիզայները նա է, ով կարողանում է տեսնել task-ից այն կողմ՝ հասկանալ իրական բիզնես նպատակը, տարանջատել իրական խնդիրները «թվացողներից»։ Լավ դիզայները նա չէ, ով արագ լուծում է խնդիրը, այլ նա, ով սկզբում ճշտում է՝ սա ընդհանրապես ճիշտ խնդիրն է, թե ոչ։
-Եթե հետ գնայիր, նորից կընտրեի՞ր TCO-ն, կուզեի՞ր նորից լինել TCO-ի սրտի դիզայները։
-Կընտրեի։
Ոչ թե որովհետև ամեն ինչ perfect էր, այլ որովհետև կար հնարավորություն սահմանելու՝ ինչն է «perfect»-ը։ Երկրորդ անգամ նույն սխալները ավելի արագ կանեի 🙂
